Welcome to website Armenian Association of Hepatology

Հայկական լյարդաբանական ասոցիացիան 10 տարեկան է

Հայկական լյարդաբանական ասոցիացիան 10 տարեկան է

Լյարդն այն կենսականորեն անհրաժեշտ օրգանն է, որն օրգանիզմում կատարում է բազմազան ֆունկցիաներ: Մաքրում է արյունը վնասակար բաղադրիչներից և օգնում սննդի մարսմանը:Աշխատող լյարդն այրում է մեր մարմնի յուղը: Այն կերած սնունդը փոխակերպում է արյան համար օգտակար բաղադրիչների՝ պահելով վիտամիններն ու հանքանյութերը և արտադրելով պրոտեին ու ֆերմենտներ: Սակայն լյարդի ախտահարման հետևանքով կարող են առաջանալ տասնյակ հիվանդություններ, որոնցից աշխարհում ամենատարածվածներից են հեպատիտ Բ-ն և Ց-ն: Դրանց դեմ ուղղված պայքարն այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլոբալ խնդիրներից է: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր լյարդաբան, Հայկական լյարդաբանական ասոցացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանի հետ զրուցեցինք մեր երկրի լյարդաբանական խնդիրների, Հայաստանում տարածված ինֆեկցիոն վիրուսների շուրջ: – Լյարդի ախտահարման հետևանքով ո՞ր հիվանդություններն են այսօր սպառնում աշխարհի մարդկությանը և որո՞նց պարագայում է մահացությունը մեծ: – Լյարդի ախտահարման հետևանքով առաջացող որոշ ինֆեկցիոն հիվանդություններ, ցավոք սրտի, մահվան ելքով են ավարտվում: Աշխարհում շուրջ 600 մլն մարդ վարակված է հեպատիտով. 400 մլն-ը՝ հեպատիտ Բ-ով, իսկ 200-ը՝, վիրուսային հեպատիտ Ց-ով: Այս վիրուսային հիվանդությունից մահացությունն աշխարհում կազմում է ավելի քան 1,5 մլն մարդ: Այս վիրուսները դեռ գալիք տասնյամյակների ընթացքում կմնան մարդկության համար խիստ վտանգ ներկայացնող լուրջ առողջապահական խնդիր: Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց ամսական առնվազն 100 մարդ է դիմում, օրական՝ 3-4 նոր ախտորոշված հիվանդ: – Իսկ վերոնշյալ ինֆեկցիոն վիրուսների նախանշաններն ինչպիսի՞ն են և սովորաբար հիվանդության ո՞ր փուլերում են ձեզ դիմում: – Հեպատիտները և առհասարակ լյարդային պաթոլոգիաները շատ հազվադեպ են ախտորոշվում հիվանդության վաղ փուլերում, քանի որ ինֆեկցիաներն ունեն քրոնիզացման հատկություն և կարող են տասնյակ տարիներ մնալ չախտորոշված: Հեպատիտ Բ և Ց վիրուսները անվանվում են քնքուշ սպանողեր, կարող են 20-30 տարի պահպանվել օրգանիզմում առանց նախանշանների դրսևորման՝ աստիճանաբար վերածվելով լյարդի ցերոզի: Հեպատիտներին բնորոշ են սուր և քրոնիկ շրջանները: Վիրուսի տարածումից 6 ամիս հետո այն արդեն թևակոխում է քրոնիկ փուլ: – Իսկ որո՞նք են այս երկու ինֆեկցիաների տարածման հիմնական ուղիները և ինչպե՞ս կարող ենք զերծ մնալ այդ վարակներից: – Հիվանդության տարածման կանխարգելման ամենարդյունավետ ճանապարհներից մեկը հանրության շրջանում իրազեկության բարձրացումն է վիրուսային հեպատիտների տարածման ուղիների և հիվանդության նախանշանների վերաբերյալ: Հիմնական ճանապարհը հենց լյարդաբանության ճյուղի շարունակական զարգացումն ապահովելն է, նոր վիրուսների տարածման կանխարգելումը, մահացության մակարդակի նվազեցումը, հանրության բարձր իրազեկության ապահովման արդյունքում: Վարակման ռիսկի գործոններ կարող են համարվել վիրաբուժական, ստոմատոլոգիական, գինեկոլոգիական, կոսմետոլոգիական միջամտությունները: Հեպատիտ Բ-ն կարող է ավելի հաճախ տարածվել նաև սեռական ճանապարհով, ինչը համեմատաբար քիչ հավանական է հեպատիտ Ց-ի դեպքում: – Իսկ ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել լյարդի ճարպակալումը և ի՞նչ միջոցներ է պետք ձեռնարկել լյարդը միշտ առողջ պահելու համար: – Լյարդի ճարպակալումը ևս լի է բարդություններով: Այս խնդիրը կարելի է որակել որպես երրորդ համաճարակ ոչ միայն մեզանում, այլև ողջ աշխարհում: Ճարպակալմանը նպաստում են մեր առօրյա սնունդը, ոչ առողջ ապրելակերպը և նստակյաց կյանքը: Ուստի պետք է ճիշտ սնվել և ակտիվ ֆիզիկական կյանք վարել: – Լրացավ Լյարդաբանական ասոցիացիայի հիմնադրման 10 տարին: Այս տարիների ընթացքում ի՞նչ նպաստավոր գործընթացներ են իրականացվել կազմակերպության կողմից, և որն է ասոցիոցիայի գործունեության գլխավոր նպատակը: – Լյարդաբանությունը բժշկության այն ճյուղն է, որը շատ արագ զարգանում է, և իրազեկումն այս պարագայում անհրաժեշտ գործոն է: Այդ իսկ պատճառով մեր ասոցիացիայի հիմնական խնդիրը լյարդաբանությունը նորացնելն է, շարունակական զարգացում ապահովելը և համագործակցության ընդլայնումը ինչպես հանրապետության տարբեր շրջաններում գործող կազմակերպությունների, այնպես էլ միջազգային նմանատիպ ասոցիացիաների հետ: Կարևոր գործոն է նաև իրազեկության ապահովումը և՛ բժիշկների, և՛ հանրության շրջանում: Իրազեկության շնորհիվ տարեցտարի հեպատիտների, լյարդի հիվանդությունների վաղ շրջանում հայտնաբերելիության միտում է նկատվում: Հանրությունը տեղեկանում է, թե որոնք են վարակման ուղիները, հիվանդության նախադրյալները և այլն: Լյարդաբանական ասոցիացիացիայի հիմնական ուղղվածություն է՝ կանխարգելել նոր վիրուսների տարածումը և արդյունավետ բուժում իրականացնել արդեն վիրուսային հիվանդների ուղղությամբ՝ նվազեցելով մահացության մակարդակը:

http://ankakh.com/article/62970/%E2%80%8Bhaykakan-lyardabanakan-asvotsiatsian-10-taryekan-e

Share: