Welcome to website Armenian Association of Hepatology

Պետությունը տարեկան հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի կապահովի դեղորայքային անվճար բուժմամբ

Պետությունը տարեկան հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի կապահովի դեղորայքային անվճար բուժմամբ

 

 

Պետությունը հեպատիտների կանխարգելման և վերահսկման ծրագրի շրջանակում 2020 թվականից հեպատիտ Ց-ով տարեկան 1000 հիվանդի կապահովի անվճար դեղորայքով։ Առաջնահերթություն կտրվի այն անձանց, ում հիվանդությունը համարվում է ծանր: Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված ասուլիսում այս մասին խոսեցին պատասխանատուները:

«Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ առողջապահության նախարարությունը հաստատել է «Արտաընդերային վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2019-2023թթ ծրագիրը»: Այն բաղկացած է մի շարք ռազմավարական ուղղություններից, և դրանք համահունչ են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մինչ 2030թ հեպատիտների էլիմինացիայի գլոբալ ռազմավարությանը: Տարբեր ռազմավարական ուղղություններ են ներառված՝ սկսած պատվաստումային գործընթացի կատարելագործումից։ Տարեկան 1000 հիվանդի պետպատվերի շրջանակում կտրամադրվեն դեղեր»,-ասաց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի Ոչ վարակիչ հիվանդությունների ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը:

Ծրագրով նախատեսվում են նաև ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված քայլեր:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հեմատոլոգիայի բաժանմունքի վարիչ, «Հայկական լյարդաբանական ֆորում» ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը կարևորեց, որ հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի դեղորայքային բուժման հոգսն իր վրա կվերցնի պետությունը: «Մենք մշակել ենք չափանիշներ ու քննարկում ենք, թե ովքեր կարող են ստանալ: Եվ այս դեպքում ծանրությանը գնահատական են տալիս լյարդում առաջացած ֆիբրոտիկ փոփոխություններով: Բոլոր հիվանդները, որոնք կընդգրկվեն ցուցակում, պետք է ունենան ֆիբրոզի աստիճան: Առաջնությունը տրվելու է այն մարդկանց, որոնց հիվանդությունը համարվում է ծանր»,-ասաց նա:

Նախատեսված երկու դեղերի կոմբինացիան 18 տարեկանից բարձրերի համար է: Այդ դեղերով բուժման տևողությունը կլինի 3 ամիս:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, Իմունկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց՝ ռազմավարական ծրագրում պատվաստումները շատ մեծ բլոկ են կազմում: Առաջինը մորից երեխային փոխանցվող հեպատիտ Բ-ի կանխարգելման համար նորածինների պատրաստվումներն են: «Բավականին բարձր է պատվաստման ցուցանիշը, նորածինների 97 տոկոսը պատվաստումները ստանում են: Եթե մորից մանկանը փոխանցվում է հեպատիտ Բ-ի վիրուսը, այդ դեպքում խրոնիզացիան բավականին բարձր է լինում: Այս տեսանկյունից նորածինների պատվաստումների բարձր տոկոսի ապահովումը շատ կարևոր է: Եվ մանուկների շրջանում գրեթե չունենք սուր հեպատիտ Բ-ով հիվանդացման դեպքեր»,-ասաց Սահակյանը:

Ծրագրում կարևորել են նաև ռիսկերի խմբերի պատվաստումների հարցը: Ծրագրով ևս մեկ անգամ ամրագրել են, որ պետությունը ռիսկի խմբերի պատվաստումների հոգսը վերցնում է: Պատվաստման համար ռիսկի խմբերում են բուժաշխատողները, ովքեր շփում ունեն կենսաբանական հեղուկների հետ, արյան փոխներարկում ստացող հիվանդները, շաքարային դիաբետ ունեցողները, կոնտակտավորները և այլն:

Պետությունը տարեկան հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի կապահովի դեղորայքային անվճար բուժմամբ

 

 

Share: