ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԼՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ՕՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ…
ԱՀ առողջապահության նախարարության և Հայկական լյարդաբանական ասոցիացիայի համատեղ ջանքերով հունիսի 21-22-ը Հանրապետական բժշկական կենտրոնում կազմակերպվել են ՙԼյարդաբանական օրեր Արցախում՚ խորագրով դասախոսություններ, ինտերակտիվ դասընթացներ: Հունիսի 21-ին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն ընդունել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր լյարդաբան, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Հասմիկ Ղազինյանին և քննարկել ամենամյա և հերթական սկրինինգային ծրագրերի իրականացումն Արցախում։
Նույն օրը Հանրապետական բժշկական կենտրոնի և ուռուցքաբանականի կոնֆերենց- դահլիճներում միաժամանակ անցկացվեցին դասախոսություններ և սեմինարներ բժիշկների, բուժքույրերի համար։ ՀՀ լյարդաբանական ասոցիացիայի քարտուղար, ՙԱրմենիկում՚ կլինիկական կենտրոնի գլխավոր բուժքույր Սրբուհի Ներսիսյանը բուժքույրերի համար նախատեսված սեմինար-դասընթացներին անդրադարձավ վիրուսային հեպատիտ հիվանդությունների վաղ ախտորոշման, հիվանդության բուժման ճիշտ կազմակերպման, բուժանձնակազմի հիգիենայի պահպանման, ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և դրանց առնչվող թեմաներին։
Ս. Ներսիսյանի պարզաբանմամբ՝ հայկական երկու հանրապետություններում ժամանակ առ ժամանակ իրականացվում են ծրագրեր հեպատիտների կանխարգելման և բուժման վերաբերյալ։ ՀՀ առողջապահության նախարարի նախաձեռնությամբ հեպատիտների բուժման համար անհրաժեշտ դեղորայք է ներկրվել Հայաստան, որից որոշակի քանակ կտրամադրվի նաև Արցախին։ Անդրադառնալով վիրուսային հեպատիտներին, բանախոսը նշեց, որ այդ հիվանդություններով վարակվածների թիվը բավականին մեծացել է, ինչից մարդիկ սթրես են ապրում: Մասնագետներն այն բնորոշում են որպես ՙքնքուշ մարդասպան՚. այն մեղմորեն մարդու լյարդը հասցնում է վերջնական ախտահարման: Այդ հիվանդությունների բուժման համար գոյություն ունեցող ժամանակակից դեղամիջոցները շատ թանկարժեք են, սակայն ՀՀ առողջապահության նախարարությունը որոշակի քանակով ձեռք բերեց այդ դեղորայքից և անվճար տրամադրեց հազար հոգու. բուժման արդյունքում նշյալ հիվանդների 90%-ի մոտ անհետացավ հեպատիտ C-ի վիրուսը։ Այս արդյունավետ դեղամիջոցից կտրամադրվի նաև ԱՀ առողջապահության նախարարությանը։ ՙԱրմենիկում՚-ի գլխավոր բուժքույրը ներկայացրեց ներհիվանդանոցային վարակների թեման, որի շրջանակներում անդրադարձավ ոչ միայն վիրուսային հեպատիտներին, այլև ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ին, թարախաբորբերին։ Կարևորվեցին հատկապես բուժքրոջ անձնական հիգիենան, ձեռքերի ճիշտ լվացումն ու ախտահանումը` որպես ներհիվանդանոցային վարակների կանխարգելման միջոց։ Բուժաշխատողները պետք է նաև հետևեն մասնագիտական շարունակական կրթական ծրագրերին։ Մանրէների տարածումը կանխելու համար մասնագետը կարևորեց ձեռքերի լվացման և ախտահանման եղանակները, մասնավորապես` օճառով և ջրով, սպիրտով, շփման մեթոդով, անտիսեպտիկ նյութերով և այլն։
Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահի խոսքով՝ լյարդաբանական խնդիրներն աշխարհում շատ գլոբալ բնույթ են կրում, և ՀՀ-ում նշվում է դրա դեմ պայքարի միջազգային 2 օր՝ հունիսի 12-ը համարվում է Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման հիվանդությունների, հուլիսի 28-ը՝ Վիրուսային հեպատիտների դեմ պայքարի և իրազեկվածության միջազգային օրեր։ Այս ժամանակաընթացքում Հայաստանի լյարդաբանական ասոցիացիան ամենամյա իրազեկման ծրագրեր է իրականացնում։ Վիճակագրական տվյալներով` աշխարհում գրանցված է հեպատիտ B-ով վարակված 250մլն մարդ, իսկ հեպատիտ C-ով՝ 71 մլն։ Հետազոտությունները փաստել են, որ վարակվածներից ընդամենը 10%-ը գիտի իր ինֆեկցիայի մասին։ Ուստի ՀՀ և ԱՀ մասնագետները նմանատիպ իրազեկման և հետազոտական ծրագրերի օգնությամբ փորձում են բնակչության շրջանում վաղ ախտորոշել նշյալ հիվանդությունները և առաջարկել ժամանակակից բուժման մեթոդներ։ Հ. Ղազինյանի պարզաբանմամբ՝ ամբողջ աշխարհում լուրջ խնդիր հանդիսացող հեպատիտների վարակների դեմ պայքարելու լավագույն մեթոդներից մեկն իրազեկումն է ոչ միայն ազգաբնակչության, այլև բժշկական անձնակազմի շրջանում։ Հայաստանի լյարդաբանների ասոցիացիան ամենամյա հերթական իրազեկման ծրագիրը, որպես կանոն, սկսում է Արցախից։ ՙՄեր նպատակն է կանխել վարակվածության նոր դեպքերը, որովհետև, ցավոք, ամբողջ աշխարհում այդ դեպքերի թիվը մեծանում է։ Իսկ եթե մարդիկ չիմանան, թե ինչպես են վարակվում ու վարակում, ապա մենք չենք կարող կանխարգելել։ Ուստի, կազմակերպելով դասախոսություններ և ինտերակտիվ քննարկումներ, ինչպես նաև հետազոտություններ բնակչության շրջանում, փորձում ենք կրկին անդրադառնալ նշյալ վարակների թեմային, դրանց բուժման ժամանակակից ախտորոշումներին, բուժումներին՚,-հավելեց Հ. Ղազինյանը։
ՙԲաց դռների օր՚ ծրագրի շրջանակներում երկու օրվա ընթացքում իրականացվել են շուրջ 110 խորհրդատվություն, 56 սոնոգրաֆիկ և 95 սկրինինգ հետազոտություն, 228 լաբորատոր փորձաքննություն։
http://www.artsakhtert.com/arm/index.php/social/item/26975-2019-06-24-21-54-50